Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«2020-ի հոկտեմբերի 7-ին հայկական բանակն սկսեց Հորադիզի օպերացիան։ Այս օպերացիայում միաժամանակ տեսանելի են և՛ մեր հաղթանակը, և՛ մեր պարտությունը։ Նախ, լսեք սենսացիան․ Հորադիզի օպերացիայի ժամանակ մեր ՀՕՊ-ը Ֆիզուլի–Հադրութ–Ջաբրայիլ հատվածում փակել է օդը։ Այդ ընթացքում խոցվել է թշնամու 25 ԱԹՍ։ Ընդամենը հատուկենտ ԱԹՍ-ներ էին կարողացել գրոհել մեր զորքին։ Գումարտակներից մեկը Ֆիզուլիից բաց դաշտով անցնելով մոտ 20 կմ դուրս է եկել Արաքսի ափ։ Հադրութից շարժվող մյուս գումարտակը ճանապարհին մարտի մեջ է մտել թշնամական ուժերի հետ։ Ինչպես պատերազմի բոլոր դեպքերում, այստեղ նույնպես թշնամական ուժերը գլխովին ջախջախվել են։ Միայն մոտ 80 դիակ մերոնց դիմացն է փռված լինում։ Թշնամին ոչ թե կռվելով նահանջել է, այլ այդ հատվածում պարզապես դադարել է գոյություն ունենալ։ Հատուկ ֆիքսենք, որ գետնի վրա մենք ադրբեջանական ուժերի նկատմամբ ոչ թե պարզապես առավելություն ենք ունեցել, այլ եղել է բացարձակ գերակայություն։
Բայց, ցավոք, բանակը այդ օրերին արդեն կորցրել էր իր համակարգայնությունը, և հրամաններով կառավարման ուղղահայացի փոխարեն գործում էր «ով ինչպես հարմար է գտնում, այնպես էլ շարժվում է» սկզբունքը։ Ու օպերացիայի իրականացման կեսից սկսվում են խնդիրները։ Ֆիզուլիի ուղղությամբ դաշտում գտնվող զորքերի հրամանատարը կասկածելի պայմաններում, ճանապարհի կեսին՝ բաց դաշտում լքում է զորքին։ Հադրութի ուղղությամբ գումարտակներից մեկի հրամանատարը լքում է իր զորքը։ Բնականաբար ունենալով, իր սեփական «պատճառաբանությունը»։ Իսկ մյուս գումարտակի հրամանատարը բացահայտ կերպով չենթարկվելով հրամանին, զորքին տանում է իր որոշած ուղղությամբ։ Ու սկսվում է կառավարման քաոսը։
Զորքերի այն մասն էլ, ովքեր բարեխղճորեն կատարել էին մարտական առաջադրանքը, ստիպված ետ են վերադառնում ելման դիրքեր։ Հիմա պատմության փազլը՝ ո՞րն է եղել ադրբեջանական բանակի դերը մեր պարտության մեջ»։
