«Մեր ընկերությունների մեծ մասը ամեն տարի աուդիտ է անցնում, այդ թվում աշխարհի առաջատար չորս աուդիտորական ընկերություններից մեկի կողմից։ Եթե որևէ խնդիր լիներ, վստահ եմ՝ իրենք այդ մասին կիմանային»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հորեղբոր մեղադրանքը փողերի լվացման դրվագով ավելացնելու մասին հարցին։
Հարցին՝ հնարավո՞ր է «Մեր ձևով» շարժումը փողոցային պայքարի անցնի, Նարեկ Կարապետյանը պատասխանեց, որ այդ փուլը գալիս է միայն այն ժամանակ, երբ սպառվում են սահմանադրական և օրենսդրական բոլոր գործիքները․ «Երբ տեսնենք, որ գործիքները սպառված են, երևանյան փողոցն իր խոսքն ասելու է»։
Այսօր շարունակվում է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու հարցով դատական նիստը։ Հիշեցնենք, օրերս հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է. այն համալրվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման դրվագով։ Փաստաբանական խումբը վերահաստատում է իր մոտեցումը՝ Սամվել Կարապետյանի հետ կատարվողը քաղաքական հետապնդում է, նա, ըստ ԵԱՀԿ չափանիշների քաղբանտարկյալ է։
