Դատելով ներկա պահին հայաստանյան քաղաքական լանդշաֆտի կառուցվածքից, Նիկոլի հաղթանակը 2026թ․ ընտրություններում անկասելի է թվում։ Նա է թելադրում քաղաքական օրակարգը․ ձերբակալում ու ծեծում է ընդդիմախոսներին, ջրում է արցախյան դավաճանությունը, փակում է լրատվամիջոցներ, փլուզում է եկեղեցին, քանդում է բանակը, երկպառակություն է սերմանում հասարակության մեջ։ Այս ամենին ընդդիմությունը պատասխանում է լոկ ֆեյսբուքյան գրառումներով, լավագույն դեպքում՝ հարցազրույցներով, և մինչև չփոխվի նման կրավորական դիրքը, Նիկոլի դեմն առնելու մասին խոսելը անհեթեթություն է։ Սակայն առավել սարսափելի է ոչ այնքան այս դժնի ներկան, որքան հետընտրական անխուսափելի ապագան։ Առնվազն երկու մղձավանջ է սպասվում երկրին ընտրություններից հետո։ Մինչդեռ, խաղաղության նշույլ անգամ չկա։
Ալիևը աննախադեպ զինում է իր բանակը, իսկ Նիկոլը այն կրճատում է, փլուզում գեներալիտետի հանդեպ ճնշումներով, ստրատեգիական բարձունքներ զիջելով, ցուցահանդեսային՝ ոչ պատերազմին պատրաստվելու համար սպառազինությամբ, անվտանգության ծառայություններին երկրի անվտանգության համար կապ չունեցող առաջադրանքների լծելով։ Ինչ վերաբերվում է անվտանգություն ու խաղաղություն ապահովող դիվանագիտությանը, ապա չնայած Նիկոլն ամբողջ օրը աշխարհով մեկ հանդիպումներ է ունենում՝ նա չի բերել որևէ անվտանգային երաշխիք, բացի Թրամփի վոթսափի համարից:
Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը հասցվել է նվազագույնի, լավագույն դեպքում այն կարող է ծառայել որպես Ադրբեջանից Նախիջևան գնացող մայրուղի։ Իսկ իր այս բոլոր զիջումների դիմաց՝ Նիկոլը նույնիսկ չի կարողացել հասնել նվազագույնին՝ Թուրքիայի սահմանը բացել։ Ըստ էության, իր անընդհատ «կռուտիտներով» Նիկոլը Հայաստանը անվտանգության տեսանկյունից մերկացրած է կանգնեցրել աշխարհի առաջ, ու Ալիևը ամենամեծ հիմարը կլինի, եթե չօգտվի նաև իր ձեռքով ստեղծած այս առիթից։ Նրա հարձակման դեպքում Հայաստանը մնալու է մեն-մենակ՝ ատոմիզացված հասարակությամբ եւ փլուզված բանակով։ Ալիևն այս ընթացքում, բացի բանակը մինչև ատամները զինելուց ու լավագույն մարտավիճակի բերելուց՝ նաև պատրաստել է Հայաստանի վրա հարձակվելու բազմաթիվ առիթներ․ անկլավներ, ադրբեջանցիների վերադարձ, Զանգեզուրի միջանցք։ Հայաստանի իշխանությունները լավագույն դեպքում ոչ ադեկվատ, անհոդաբաշխ թոթովանքով են պատասխանում Ալիևի ագրեսիվությանը, մինչդեռ նա սրանցից յուրաքանչուրը կարող է օգտագործել որպես casus belli, թեև համոզված եմ, որ Նիկոլը մի լրացուցիչ անկապ ասույթով ավելի կոնկրետ առիթ կտա Ալիևի հարձակման համար։ Այս երևույթների պատճառները երկիրն ու հասարակությունն աշխատացնող երկու հիմնական մեխանիզմների՝ բարոյական և իրավական բացակայությունն է։
Ատելության և անօրինականության քարոզը նիկոլիստների շրջանում (հերձվածողների, լուզերների, պողոսների՝ կարելի օգտագործել ցանկացած տերմինը) պարարտ հող է գտել, քանի որ անհաջողակների դեպքում չարությունը դառնում է կենսաձև։ Հիմա, երբ այն քարոզվում է ամենաբարձր ամբիոնից, և որպես արդյունք՝ հաղթում է (հաղթանակը ընտրություններում), լուզերները հասկանում են, որ ճշմարտությունը դաժան ու չար լինելու մեջ է։ Սրան գումարվում է դժնի ու կոպիտ գործելակերպը իշխանության կողմից, ընդդիմախոսների հանդեպ բռնությունները, ձերբակալությունները, ասֆալտին փռելը, հարձակումները դատարանների վրա, աննախադեպ կոշտ արշավը եկեղեցու դեմ, այս բոլորը համոզում են նիկոլիստներին, որ «Բռնությունը նորաձև է»։ Սրան գումարած այն, որ հասարակության մեջ հեղինակություն վայելող շատ անձինք կալանավորված են, և մինչեւ ընտրությունները դեռ նորերը կկալանավորվեն։ Եթե այս մարդիկ իրենց խոսքով կամ գործողություններով կարող էին փոքր-ինչ ազդել բռնության տարածման վրա, ապա հիմա նրանք խաղից դուրս են։
Սրան գումարվում է օրենքի իսպառ բացակայությունը, երբ իրավապահ մարմինների կարող են ցանկացած առիթով կամ առանց առիթի գնալ բռնության։ Իսկ Նիկոլի դատարաններում անհնար է ճշմարտություն գտնելը, դրա համար էլ ճշմարտությանը մարդիկ փորձում են հասնել իրենց ձևով։ Սրան գումարած այն, որ իրավապահներն ամբողջովին զբաղված են ընդդիմախոսներին պատժելով (50+ քննիչներ ամիսներ շարունակ փորձում են կրիմինալ գտնել Սամվել Կարապետյանի արտասանած երկու խոսքի մեջ!)։ Նրանք պարզապես ժամանակ չունեն զբաղվելու իրական հանցագործներով, և, միգուցե, արդեն կորցրել են նման հմտությունները։ Իրավական ու բարոյական այս նիհիլիզմը քանդել է բոլոր ինստիտուտները, իրականում վերանում է պետությունը։ Արդեն իսկ ծայր առած բռնությունները ընտրություններից հետո՝ պողոսության հաղթանակից հետո, վերածվելու են քաոսի։ Ընդ որում, քաոսը նպաստելու է պատերազմում թշնամու հաղթանակին, իսկ պատերազմը՝ քաոսին։
Աղասի ԵՆՈՔՅԱՆ
