Aravot.am-ի տեղեկություններով, ՆԳՆ պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները երեք օր առաջ՝ գիշերը ժամը 02․10-ին ձերբակալել են 36 և 34-ամյա երկու տղամարդու։ Նրանցից մեկը ՍՊԸ-ի տնօրեն է։ Պարեկները ապօրինի թմրանյութ պահելու ու պատրաստելու հիմնավոր կասկածանքով կանգնեցրել են «Վազ» մակնիշի ավտոմեքենան՝ ձերբակալելով ու ոստիկանության Կումայրիի բաժին տեղափոխելով թե՛ վարորդին և թե՛ ուղևորին, ավտոմեքենան էլ վերցվել է պահպանության։ Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվել է թղթյա փաթեթ, որ մեջ եղել է 0,09 գրամ մաքուր կշռով դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և մեկ ապակյա կաթոցիչ։ Ուղևորը ոստիկանությանը հայտնել է, որ նախորդ օրը «Մարիխուանան» գնել է «Թելեգրամ» կայքից՝ 0,5 գրամի դիմաց վճարելով 10 հազար դրամ։ Նա նաև հայտնել է, որ թմրանյութը վերցրել է Շիրակի մարզի Ազատ գյուղի կամրջի մոտից՝ իր օգտագործման համար, կաթոցիչով էլ ծխել է թմրանյութի մի մասը։ Մեքենայի վարորդին ևս անձնական խուզարկության են ենթարկել, բայց նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել:
