Այսօր՝ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Ա.-ն իր վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում՝ դեպի Էջմիածին տանող հատվածում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 86-ամյա Ռաֆիկ Մ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վարորդը նույնպես շտապօգնության հետ մեկնել է հիվանդանոց, որից հետո վերադարձել է դեպքի վայր:
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
