«Կառավարության ղեկին բազմած անձի գործողությունները երբեք մի քայլանի չեն և մի քանի նպատակ են հետապնդում»,-ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում խոսելով երեկվանից բարձրաստիճան հոգեւորականի եւ քահանաների բերման ենթարկելու մասին, ինչը Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի դրսևորման նոր ալիք է:
«Մենք տեսնում ենք եկեղեցու հանդեպ ռեպրեսիաների գործընթացի շարունակություն, որը բխում է թուրք-ադրբեջանական տանդեմի հանդեպ նրա նախաձեռնություններից: Եվ պատահական չէ, որ նա Ալիևի հետ սուրճային հանդիպմանը հերթական նվերն է մատուցում: Այս պահի դրությամբ հետեւյալ նպատակներն է հետապնդում. բավարարել թուրք-ադրբեջանական պահանջը՝ եկեղեցու հանդեպ այդ ճնշումը պահելով, մի կողմից առաջիկա ընտրությունների առումով որոշակի ուղերձներ փոխանցելու, մյուս կողմից՝ հանրային ուշադրությունը շեղելու Սամվել Կարապետյանի հետ կապված գործերից, ինչը նույնպես կարևոր է:
Երեկվա դատավարության ժամանակ այդքան բազմամարդ ներկայությունը դեղին լույսեր է վառել իրենց համար, դրա համար փորձում են հանրային ուշադրությունը տեղափոխել այլ դաշտ: Մյուսը, որ կարող ենք տեսնել, ընդվզման առաջնորդներին զատելու եւ նրանց չեզոքացնելու գործընթացն է, ընդհանրապես ժողովրդին առաջնորդելու կարողություն ունեցող մարդկանց չեզոքացնելը: Հատկապես այնպիսի մարդկանց, որոնք կուսակցական պատկանելություն չունեն եւ այս առումով հանրային մեծ աջակցություն կարող են վայելել: Այսինքն, մենք տեսնում ենք մի շարք գործողություններ, որոնք նպատակ ունեն մի կողմից վախի մթնոլորտն ուժեղացնելու, մյուս կողմից՝ հնարավոր առաջնորդներին չեզոքացնելու, հանրային ուշադրությունը շեղելու: Եվ մենք պետք է շատ ուշադիր լինենք, որ հանկարծ այս պարագայում սահմանային զիջումների այս գործընթացը առաջ չտարվի, որովհետև իրենց առջև խնդիր է դրված այդ միջանցք կոչվածն, ի վերջո, իրականություն դարձնել: Եվ դրա համար պետք է այդ ճանապարհի կողմերում սահմանազատում կոչվածը իրականացնել, այդ հարցերը կարգավորել:
Ամերիկյան խումբը գնաց չէ՞: Մինչու ամսի 11-ն էր եւ մենք արդյունքների մասին ոչինչ չենք լսել: Երևի հանձնարարականները տրվել են՝ ինչը պիտի արվի եւ այդ հանձնարարականների կատարման առաջին քայլը պիտի լինի սահմանազատում, սահմանագծում կոչվածով այդ հատվածների հանձնումը, որից հետո արդեն կսկսեն հողային աշխատանքներ կատարել: Իսկ ինչու են շտապում: Դա կապված է նաև մերձավորարեւելյան զարգացումների հետ: Մենք քայլ առ քայլ մոտենում ենք Իրանի հանդեպ շատ ավելի խոշորամասշտաբ գործողությունների ծրագրի, որը այս պարագայում իմ հաշվարկներով տեղափոխվել է փետրվար-մարտ ամիսներ: Այսինքն, այդ ամբողջ նախապատրաստական աշխատանքները պիտի իրականացվեն, որի էական մասը այդ ճանապարհի գործունեության որոշակի մասի գործարկումն է, որպեսզի նրանք կարողանան առանձին ռազմական տեխնիկա և մարդ տեղափոխելու հնարավորություն ունենալ»,-ասաց դեսպանը
