Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր հրապարակեց մի որոշում, որը չպետք է հասարակության ուշադրությունից դուրս մնա։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն՝ Հայաստանի խոշորագույն ջրամատակարարող ընկերությունը, վերահսկող մարմնի կողմից ենթարկվել է 20 միլիոն դրամի վարչական տուգանքի՝ քաղաքացիների դիմումների հիման վրա արձանագրված խախտումների և Հանձնաժողովի պահանջը անտեսելու համար։
Այս որոշումը կարևոր նախադեպ է՝ ոչ միայն կոնկրետ ընկերության պատասխանատվության, այլ՝ Հանձնաժողովի գործառույթների իրականացման հարցում նոր որակի ձևավորման տեսանկյունից։ Խախտումներ՝ ի պատասխան քաղաքացու դիմումի ՀԾԿՀ առաջին որոշմամբ արձանագրվել է, որ ընկերության կողմից մատուցվող ջրամատակարարման ծառայությունը կոնկրետ տարածքում չի համապատասխանել սահմանված նորմերին։ Քաղաքացու դիմումի հիմքով իրականացված ուսումնասիրությունն ի վերջո հանգեցրել է 10 միլիոն դրամ տուգանքի։ Սա շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան թվերն են ասում։ Այս որոշումը նշանակում է, որ քաղաքացու ձայնը դարձել է ազդեցիկ գործոն, և պետությունը արձագանքել է՝ հստակ գործողությամբ։
Անտեսված նամակներ՝ որպես համակարգային խնդիր. Երկրորդ որոշմամբ Հանձնաժողովը ևս 10 միլիոն դրամ տուգանք է սահմանել՝ «Վեոլիա Ջուր»-ի կողմից ՀԾԿՀ պաշտոնական գրություններին սահմանված ժամկետում չպատասխանելու համար։ Սա տեխնիկական մանրուք չէ։ Սրա հետևում պետական վերահսկողության նկատմամբ վերաբերմունքի հարց է։ Երբ մատակարար կազմակերպությունը թույլ է տալիս իրեն չպատասխանել վերահսկող մարմնին, այդ պահից ի վեր ցանկացած ծառայության որակ դառնում է քննարկելի։ Այստեղ էլ ՀԾԿՀ-ի արձագանքը հստակ է և համարժեք։ ՀԾԿՀ-ն կարծես թե սկսել է կիրառել իր իրական լծակները.
Վերջին ամիսներին նկատվում է, որ ՀԾԿՀ-ն ավելի ակտիվ և կոշտ է սկսել հանդես գալ՝ հատկապես մատակարար ընկերությունների նկատմամբ։ Սա, անկասկած, ողջունելի է։Բայց պետք է հիշել՝ «Վեոլիա Ջուրը» տարիներ շարունակ շահագործում է երկրի ջրամատակարարման համակարգը։ Տասնյակ համայնքներ տարիներ շարունակ բողոքում են ցածր ճնշումից, պարբերական ջրանջատումներից, չպատասխանվող զանգերից։ Եվ, եթե այդ ֆոնին այսօր տրվում է համարժեք, ուժեղ պատասխան՝ դա նշանակում է, որ վերահսկողության գործիքը սկսում է աշխատել։ Ժամանակն է՝ վերահսկողությունն ունենա իրական կշիռ:
Հանձնաժողովի սահմանած տուգանքները չպետք է դառնան մեկանգամյա քայլեր։ Այժմ կարևոր է՝
- հստակ և թափանցիկ բացահայտել բոլոր արձանագրված խախտումները՝ ըստ համայնքների,
- Պահանջել մատակարարից ոչ միայն գրավոր պատասխան, այլ նաև հանրային բացատրություն,
- Տարեկան հրապարակել վերահսկողական հաշվետվություններ՝ ծառայությունների որակի վերաբերյալ։
Այս քայլերով կձևավորվի վստահություն ոչ միայն մատակարարվող ծառայությունների, այլև վերահսկողության ինստիտուտի նկատմամբ։ Հուսանք, որ սա դեռ սկիզբ է՝ հանրության կողքին կանգնելու և խախտողին պատասխանատվության ենթարկելու ճանապարհին։
