Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում էլեկտրական ավտոմեքենան Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Արմենակյան 143 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել հիվանդանոց:
Վրաերթի ենթարկված կնոջը քաղաքացիները և վրաերթի հարևանությամբ գործող «Երևանի Սիթի» սուպերմարկետի աշխատակիցները դուրս են բերել ավտոմեքենայի առջևի հատվածի տակից, իսկ մինչ այդ հետիոտնը կանգնած է եղել մայթին, երբ նշված ավտոմեքենան, որը կայանված է եղել «Երևան Սիթի»-ի դիմաց, առաջ է ընթացել, վրաերթի ենթարկել հետիոտնին, ապա բախվել երկաթե ճաղավանդակին, կոտրել այն և մոտ 1 մետր բարձրությունից հայտնվել բնակելի շենքի և «Երևան Սիթի»-ի տարածքում:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գևորգ Սարգսյանն ու Հովհաննես Մկրտչյանը: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վարորդը Հայաստանում հայտնի գործարար է: Վարորդը ենթարկվել է սթափության փորձ, եղել է սթափ:
