Իշխանությունը հերթական անգամ զոռբայությամբ իշխանազավթում իրականացրեց Գյումրիում: Այսօր, փաստորեն, Գյումրիում իշխանություն չկա` ավագանու Բալասանյան դաշինքն է մանդատները վայր դրել, համայնքապետարանի աշխատակազմի կեսն ու ղեկավարությունն են հրաժարականներ տվել, և Գյումրին ակնհայտորեն գնում է դեպի արտահերթ ընտրություններ: Նեղ շրջանակում արդեն անգամ ընտրության օրն են նշում․ ընտրողին ու ընդդիմությանն անակնկալի բերելու ՔՊ-ական ձեռագրով որոշել են ընտրությունը նշանակել դեկտեմբերի 29-ին, որ մարդիկ բդի ու բլինչիկի մրցավազքում ընտրատեղամաս էլ չգնան, ու ՔՊ-ի թեկնածուն ադմինիստրատիվ ռեսուրսի միջոցով ընտրվի:
Սակայն խնդիրն այն է, որ ՔՊ-ն նորմալ թեկնածու չունի, ավելի ճիշտ՝ թեկնածուի հարցում ոչ այնքան ճիշտ հաշվարկներ են արել ու կանգնած են փաստի առաջ: Իշխանական պատվերով կատարված հարցումներով նախապես հայտարարված թեկնածուն` ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը, ցածր ռեյտինգ ունի, և վստահ չեն, որ գյումրեցիները նրան կընտրեն, ուստի քննարկում են իշխանական թեկնածուին փոխելու հարցը։
Ըստ ՔՊ կանոնակարգի՝ կուսակցության տարածքային կառույցների ղեկավարները ՏԻՄ ընտրություններում դառնում են նախընտրական ցուցակի առաջին համարները, այսինքն՝ համայնքի ղեկավարի թեկնածուն՝ Սարուխանյանը, Գյումրու տարածքային կառույցի ղեկավարն է, և ենթադրվում էր, որ նա կլինի իշխանական թեկնածուն: Մանավանդ, Բալասանյան դաշինքի չեզոքացումից վայրկյաններ անց նրա շրջապատից հայտարարեցին, որ իշխանության թեկնածուն Սարուխանյանն է: Անցած շաբաթ էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատեց այդ լուրերը։
Մինչդեռ, մեր տեղեկություններով, իշխանության պատվերով իրականացված հարցումների արդյունքները ստանալով, ՔՊ վարչությունը նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է: Սա է պատճառը, որ իշխանականները խուսափում են Գյումրիում սպասվող զարգացումների, մասնավորապես` ընտրությունների ժամկետների մասին խոսել: Որովհետեւ, եթե անցողիկ թեկնածու չգտնեն, հնարավոր է հերթական անգամ, թքած ունենալով օրենքի ու ընթացակարգերի վրա, արտահերթը հետաձգեն մինչեւ գարուն: Իսկ եթե ամեն բան իրենց սրտով գնա, ապա դեկտեմբերի 29-ին քաղաքը կգնա ընտրության։ Շուրջ երեք շաբաթ է՝ Գյումրին ղեկավար չունի, ոչ էլ՝ փոխարինողներ, որոնք իրավասու են զբաղվել համայնքային խնդիրներով։
Գյումրեցի մեկ այլ պատգամավոր՝ ՔՊ-ական Դավիթ Առուշանյանն ասում է՝ այս պահին առաջնայինը Գյումրին կառավարման կոլապսից դուրս բերելն է։ Քաղաքում արդեն աղբահանության խնդիր կա, 2 հազարից ավելի համայնքային աշխատող դեռ աշխատավարձ չի ստացել: Համացանցում Գյումրու տարբեր թաղամասերից նկարներ են հրապարակվում՝ աղբով լցված աղբամաններով։ Առուշանյանն ասում է՝ փորձում են իրավական ճանապարհ գտնել, որ առանց կառավարման մնացած հայրաքաղաքը կոլապսի չենթարկվի։ «Ինձ չի հետաքրքրում, թե սրանից առաջ ինչպես եղավ, թե սրանից հետո ինչ է լինելու, այս պահին ամենակարեւոր խնդիրը քաղաքացու դեմ կանգնած խնդիրները լուծելն է»,- ասում է իշխանական պատգամավորը` ի պատասխան մեր հարցին, թե արդյոք այդ կոլապսը հենց իրենց իշխանության թեթև ձեռքով չի՞ եղել, երբ ընտրված իշխանությանը ճնշումներով ստիպեցին հրաժարականներ տալ ու քաղաքը զիջել իրենց:
«Նման իրավիճակ երբևէ չի եղել, որ համայնքը ո՛չ ղեկավար ունենա, ո՛չ տեղակալներ, ո՛չ պարտականությունները կատարողներ, երևի թե օրենք գրողներն էլ չեն պատկերացրել, որ նման իրավիճակ կարող է առաջանալ, դրա համար եմ ասում, որ փորձում են իրավական ճանապարհով գտնել ելքերը»,- ասում է նա՝ կրկին ընդգծելով, որ մինչև ընտրությունները Գյումրիում պետք է լուծում գտնել եւ շարունակել քաղաքի կառավարումը: Ինչպե՞ս։ «Չեմ կարող ասել․․․ օրինակ՝ աղբահանության հետ կապված դիզվառելիքի խնդիր կա, մեծ բաներ պետք չեն, ուղղակի կարելի է վառելիքի խնդիրը լուծել, որ այդ մարդիկ դուրս գան քաղաքը մաքրելու»։
Դավիթ Առուշանյանը չպնդեց, որ Կարեն Սարուխանյանը շարունակում է մնալ ՔՊ թեկնածուն․ «Վարչությունը, կուսակցությունը պաշտոնական հայտարարություն չեն արել, կա ընդամենը դիրքորոշում, որ տարածքային կառույցի ղեկավարն է դիտարկվում որպես թեկնածու»։
Ճի՞շտ է, որ հանրապետության երկրորդ քաղաքում հարցումներ են արվել, և հնարավոր է այլ թեկնածու առաջադրեք։ «Չեմ կարող ասել, անգամ չգիտեմ՝ ինչ հարցումներ են, և ինչ պատասխաններ են ստացվել»: Դուք էլ եք գյումրեցի, օրինակ՝ համաձա՞յն եք, որ Սարուխանյանի վարկանիշը Ձերինից բարձր է։ «Ես իմ գործընկերների հետ իմ ռեյտինգը չեմ չափում, մեկս մյուսի հանդեպ մրցակցություն չունենք»,- համեստորեն ասաց Առուշանյանը։
Գյումրու բնակիչներից հետաքրքրվեցինք, թե հիմա ում են հարգում-սիրում գյումրեցիները` ով շանս ունի ընտրողի քվեն ստանալու: Իհարկե, քանի դեռ թեկնածուների անուններ չեն նշվում, մարդիկ վարանում են այդ հարցին պատասխանել, բայց Գյումրու անցուդարձին լավատեղյակ անձը երկու անուն նշեց, որոնք եթե գրվեն քվեաթերթիկում, գյումրեցիները կարող են նրանց ընտրել։ Մեկը նախկին ՔՊ-ական մարզպետ Տիգրան Պետրոսյանն է, մյուսը՝ նախկին ԼՀԿ-ական պատգամավոր Սարիկ Մինասյանը, որն այժմ քաղծառայողի պաշտոն է զբաղեցնում` Գյումրու սոցապծառայության պետն է: Այլ անուններ էլ են շրջանառվում` Գյումրիում հայտնի «Պոնչիկ-մոնչիկ» սրճարանի սեփականատեր Յուրա Մինասյանի և այլ թեկնածուների։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, նրանք էլ են սկսել ուսումնասիրել դաշտը` կոնսուլտացիաներ են ընթանում, բայց հստակ որոշում ոչ ոք չունի, առավել ևս՝ որեւէ մեկը չի շտապում հայտարարել իր թեկնածուի անունը: Առաջադրվելու մտադրության մասին խոսել են Վարդան Ղուկասյանը՝ Դոգը, «Ապրելու երկիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։
© «Հրապարակ օրաթերթ»
