Կասկածից վեր է, որ կարգալույծ քահանայի կողմից պատարագ մատուցելը խուլիգանություն է և սրբապղծություն: Նույնպիսի խայտառակություն է նման պատարագին մասնակցելը: Թե ինչպես ենք մենք հասել «ֆեյք-պատարագի», ինչպես է դա հնարավոր դարձել Հայաստանում, ինչպես են հավատացյալ մարդիկ դա հանդուրժում եւ նույնիսկ մասնակցության պատրաստակամություն հայտնում՝ դա առանձին և երկար խոսակցության թեմա է: Որովհետև պատճառները շատ են եւ միայն «ներհայաստանյան» չեն: Գուցե դրա մասին հետագայում հատորներ գրվեն: Բայց անմիջական-քաղաքական համատեքստն ավելի քան թափանցիկ է՝ դա լկտի սադրանք է, որն ուղղված է իրավիճակը սրելուն եւ հասարակությունն է՛լ ավելի պառակտելուն: Իհարկե, կգտնվեն հազարավոր, գուցե տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք կցանկանան մաս կազմել «փաշինյանական եկեղեցու»: Նույնքան մարդիկ կան, որոնք, ինձ նման, կշարունակեն հավատարիմ մնալ մեր ավանդական 1700-ամյա կառույցին, ընդ որում՝ անկախ նրանից, թե ինչպես են վերաբերվում ներկայիս կաթողիկոսին կամ եպիսկոպոսներին:
Քաղաքակիրթ երկրում օծված տաճարում այդ անօրինական հավաքը ոստիկանությունը կարգելեր՝ թող որտեղ ուզում են հավաքվեն, թեկուզ մարզահամերգային համալիրում և իրենց «պատարագն» անեն: Բայց քանի որ այդ միջոցառումը սադրում է, խրախուսում է և, ըստ էության, կազմակերպում է երկրի վարչապետը, բնականաբար, «ֆեյք-պատարագը» կայանալու է, և որոշ քանակով մարդիկ «հաղորդություն են ստանալու» փաշինյանական՝ կարգալույծ նախկին քահանայից, ներկայումս՝ աշխարհականից:
Հիմնական խնդիրը մարդկանց՝ այդ միջոցառման կողմնակիցներին և հակառակորդներին, իրար ճակատ-ճակատի զարկելն է՝ եթե ոչ ֆիզիկապես, ապա սոցիալական հարթակներում: Դա մի քանի նպատակ ունի՝ շեղել քաղաքացիների ուշադրությունը Հայաստանում իրականցվող թուրքական նախագծերից, մեծացնել ներքին ատելությունն ու թշնամանքը, ևս մի հարված հասցնել Հայ առաքելական եկեղեցուն: Վերջնարդյունքում՝ թուլացնել պետությունը, որի կայունության գլխավոր գրավականն է սկզբունքային, մանավանդ՝ հոգևոր հարցերում միասնականությունը: Նորմալ իշխանություններն այդ կայունությանը նպաստում են, իսկ Հայաստանի ներկայիս իշխանությունն աշխատում է ճիշտ հակառակ ուղղությամբ: Միակ բանը, որը մենք կարող ենք անել, իշխանության այս սադրանքին չտրվելն է՝ ոչ միայն ֆիզիկական շփման մեջ չմտնել «փաշինյանական եկեղեցու» կողմնակիցների հետ, այլև հնարավորինս սեր եւ հանդուրժողականություն դրսևորել մեր մոլորյալ հայրենակիցների նկատմամբ: Իսկ Աստված, հավատացնում եմ ձեզ, ամեն ինչ տեսնում է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
