«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության, ինչպես նաև գործարար նվիրատուների վրա։ Պարզեցինք, որ 16 մլն դրամից ավել է ծախսվել այդ շոու-երեկոյի վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին սոցիալական ցանցերում ակտիվորեն հրապարակում էր տեսանյութեր՝ հարվածային գործիքներ նվագելով։ Նրա սրտիկները ուղեկցվում էին ոչ միայն Զեմֆիրայի, Maroon 5-ի, Eminem-ի և այլ արտիստների երգերով, այլ նաև հայտնի արտիստների երգերով՝ իր նվագակցությամբ։ Փաշինյանը հարվածային գործիքներ էր նվագում, իսկ ավելի ուշ իր իսկ կազմավորած երաժշտական բենդի մասին հայտնեց և հրավիրեց «Վարչաբենդի» առաջին համերգին։
Ովքեր մասնակցեցին Փաշինյանի կազմավորած երաժշտական խմբի՝ «Վարչաբենդի» համերգին։ Նա հրավիրեց թիմակիցներին ու նախապես մանրակրկիտ ուսումնասիրված և գրանցված մասնակիցներին՝ հունվարի 30-ին Ջրվեժում գտնվող Palladium Hall-ում վայելելու «Վարչաբենդի» առաջին փակ ելույթը: Դիմեցինք ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ պարզելու միջոցառման ֆինանսավորման աղբյուրն ու ծախսերի չափը։ Տեղեկացրեցին, որ «Վարչաբենդի» հետ կապված բոլոր ծախսերը իրականացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս հարցով պաշտոնական հարցում ենք ուղարկել կուսակցությանը, որի պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք։
