Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքից դեպի Վերին Ճամբարակ ավտոճանապարհի 17 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արա Ե․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված ձիուն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձին տեղում սատկել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի եղակալ Իգոր Ղազարյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչ Գևորգյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Սևոյանը և Արթուր Ղազարյանը։
Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ձիու սեփականատիրոջ ինքնությունը։
