«Սեպտեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի հյուպատոսության շենքում, մահացած է հայտնաբերվել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ, Արթիկի նախկին փոխքաղաքապետ Բորիս Ավագյանը։ Նրա մահը շարունակում է մնալ առեղծվածային՝ հարուցելով բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ իրավապահ մարմինների պարզաբանումները մնում են չափազանց սակավաթիվ։
Ավելի վաղ՝ մահվանից մի քանի ժամ առաջ, Բորիս Ավագյանը տեսանյութ էր տարածել՝ հայտնելով, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի հյուպատոսության շենքում, եւ խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան։ Նրա խոսքերից պարզ էր, որ նա իրեն վտանգված էր զգում եւ ակնկալում էր պետական աջակցություն։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցման միջոցով ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել է, որ այս պահի դրությամբ դեռ քննարկվում է ՌԴ գլխավոր դատախազության հետ համատեղ քննչական խումբ ստեղծելու հարցը, որի նպատակը պետք է լինի ՀՀ քաղաքացու՝ Բորիս Ավագյանի մահվան հանգամանքների համակողմանի ուսումնասիրությունը։ Այսինքն՝ դեպքից անցել է արդեն 15 օր, սակայն պաշտոնական մակարդակով քննության կազմակերպման հարցը դեռ քննարկման փուլում է։ Ոչ մի առարկայական արդյունք:
