Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայից դեպի Վաղարշյան փողոցի խաչմերուկ ընթանալիս «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարաները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկային ծառայությունը ունի օպերատիվ տեղեկություններ, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը կամ նշված ավտոմեքնեային բախվելը, ինչից հետո «Kia»-ն կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և տեղի է ունեցել վթարը: Պարեկային ծառայությունը ճշտում է այս տեղեկությունը:
