Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Ստեփան Ա.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս Մ14 ավտոճանապարհի 96 կմ հատվածում՝ դեպի Վարդենիս ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Ֆելիքս Գ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Նավասարդ Արարատյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աշոտ Գևորգյանն ու Տարոն Բադալյանը: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Սարգսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Վարդենիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը աշխատում էր Վարդենիսի քաղաքապետարանի «Կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ-ում, իսկ հարվածի հետևանքով նրա ոտքը կտրվել է. այն հայտնաբերվել է մարմնից մի քանի մետր հեռավորության վրա:
