Նախաձեռնությամբ Կառավարությունը փոփոխություններ է իրականացնում հիպոտեկային վարկավորմամբ կնքվող պայմանագրերում: Սահմանվում է, որ այդ պայմանագրերը կարող են ներկայացվել իրավունքի պետական գրանցման՝ առանց նոտարական վավերացման:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով փոփոխությունները միտված են լուծելու մի քանի կարևոր խնդիրներ:
Առաջինը՝ հիպոտեկային վարկավորմամբ ՀՀ-ում գույք ձեռք բերելու ցանկություն ունեցող, սակայն Հայաստանից դուրս գտնվող անձինք առուվաճառքի պայմանագրերը կստորագրեն հեռավար եղանակով, ինչը հիմք կհանդիսանա իրավունքի պետական գրանցման համար:
«Հաջորդ խնդիրը միտված է անշարժ գույքի շուկայի զարգացմանը: Մենք, հետևողաբար զարգացնելով անշարժ գույքի շուկան, պարտավոր ենք ներդնել այնպիսի գործիքակազմեր, որոնք այսօր առկա են առաջադեմ շուկաներում, և որոնցից ներդրողները հաճախ օգտվում են»,- ընդգծել է զեկուցողը եւ կարևոր համարել այդ իմաստով նոր գործիքակազմի ներդնումը: Նշվել է, որ օրենքի ընդունումից հետո Կառավարությունը կսահմանի պայմանագրի այնպիսի ձևանմուշ, որը հիմք կհանդիսանա բանկերի, վարկատուների, վարկառուների, գնորդների և վաճառողների միջեւ պայմանգրերի կնքման համար: Քննարկումների արդյունքում որոշվել է՝ կողմերի ցանկությամբ որպես այլընտրանքային տարբերակ՝ կշարունակվի նոտարական վավերացմամբ պայմանագրերի կիրառությունը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերն առաջին ընթերցմամբ քննարկվել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 15-ի նիստում և ստացել դրական եզրակացություն: Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Ռիելթորական գործունեության մասին» և կից օրենքների նախագծերի քննարկումը:
