Հաջորդ շաբաթ Եվրոհանձնաժողովը ԵՄ առաջնորդներին կներկայացնի հնգամյա ծրագրի նախագիծ՝ Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմին պատրաստվելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով փաստաթղթին։ «Մինչև 2030 թվականը Եվրոպային անհրաժեշտ կլինի բավականաչափ ուժեղ պաշտպանական դիրքորոշում՝ իր հակառակորդներին հուսալիորեն զսպելու և ցանկացած ագրեսիայի արձագանքելու համար», – ասվում է «Պաշտպանության պատրաստվածության ճանապարհային քարտեզ 2030» անվանումով նախագծում։ Փաստաթուղթը ԵՄ-ի արձագանքն է Ուկրաինայում տեղի ունեցած պատերազմին և նախագահ Դոնալդ Թրամփի՝ եվրոպական անվտանգության վերաբերյալ անկայուն դիրքորոշմանը։
