Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ձերբակալվել են Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը եւ բուհի մի քանի աշխատակիցներ: Բուհի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պատասխանատու Դիանա Մարկոսյանն Aravot.am-ին հետևյալը հայտնեց.
«Այսօր առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն գործողություններ է իրականացնում մանկավարժական համալսարանի վարչական հատվածում, մի քանի աշխատակցի հետ վկայի կարգավիճակով խոսել են, իսկ ռեկտորին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե: Այս պահին այլ տեղեկություններ չունենք»:
Նա ընդգծեց, որ բուհից ձերբակալվածներ չկան: Մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեից ԶԼՄ-ներին հաստատել են, որ Կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը: Նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:
