Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարութայն փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի տոնավաճառի հարևանությամբ գտնվող կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ: Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արսեն Մկրտչյանն ու Երևանի հրշեջ-փրկարարական վարչության պետի պաշտոնակատար Զավեն Մելքոնյանը:
Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները: Այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկնեը՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:Դեպքի վայրում է գտնվում նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ: Ահազանգով ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները:
Տեղում պարզվել է, որ տարածքը, որտեղ հրդեհ է բռնկվել, գազաֆիկացված չէ, օգտագործվել է գազաբաբալոն: Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչներն ու Մալաթիայի համայնքային ոստիկանները: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը և ով է տարածքի սեփականատերը՝ պարզվում է:
