Հայաստանի Հանրապետությունում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության, հստակ կարգավորումներ չունեն: Բաց է տնային, թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված համալիր եւ ամբողջական կարգավորումների դաշտը:
Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական նախագծերով: Օրենսդրական փաթեթի հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը եւ Արուսյակ Մանավազյանը: Մերի Գալստյանի տեղեկացմամբ օրենքի նախագծով սահմանվում են ՀՀ տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները: Փաթեթի առանձին կարգավորումներ վերաբերում են թափառող կենդանիների, մասնավորապես` շների հետ կապված հիմնախնդրի լուծմանը, նրանց ստերջացմանն ու որդեգրմանը:
Մասնավորապես, նախատեսվում է մարզկենտրոններում կառուցել 1-3 կենդանիների կացարան` վայր, որտեղ կերակրվելու, բուժվելու կամ պահվելու են թափառող, կորած կամ լքված կենդանիները, ինչպես նաև ժամանակավոր պահման և կերակրման հանձնված կենդանիները: Մերի Գալստյանի խոսքով օրենսդրական փաթեթի մշակումը սկսվել է 2019 թվականից, ինչի պատճառ հանդիսացել են նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ ահազանգերը: Նախագծերի ընդունման և կիրառման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան և անպատասխանատու գործողությունները և ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը:
Նախագծերի մշակման փուլում հեղինակներն ուսումնասիրել են շուրջ 20 երկրի ոլորտային փորձը: Տեղի են ունեցել քննարկումներ Կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, կենդանասերների, պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մտքերի փոխանակության ընթացքում Մերի Գալստյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են շների ստերջացմանը, քնեցմանը, կենդանիների ցանկին, թափառող շների չիպավորմանը, մարդկանց վրա թափառող շների հարձակումներին և այլն: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է Լիլիթ Կիրակոսյանը: Կառավարության դրական կարծիքը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Փոխնախարարի տեղեկացմամբ գործադիր մարմնի ներկայացրած առաջարկները հեղինակները մեծամասամբ ընդունել են: Եզրափակիչ ելույթում Մերի Գալստյանն անդրադարձել է գործընկերների հարցերին և դիտողություններին, տվել պարզաբանումներ: Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Փաթեթի քննարկման ավարտից հետո պատգամավորները քվեարկություններով ընդունել են հերթական նիստերի ընթացքում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: 62 կողմ, 27 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծը: Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:
ՀՀ ազգային ժողով
