Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը։
«Կալանքը երկարաձգվեց երկու ամսով, սահմանափակվեցին նաև տեսակցությունները։ Միակ ուրախ բանն այն է, որ իմ միջնորդությունը՝ քրոջ երեխաներին տեսակցելու մասով, բավարարվեց»,- ասաց Բաբայանը։ Նշենք, որ երեկ դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, դռնփակ ռեժիմով քննեց Արշակ Սրբազանի կալանքի երկարաձգման միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Սրբազանը ձերբակալվեց դեկտեմբերի 4-ին, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։ Նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։
