«Ասեմ, որ այս իշխանություններից այդ առումով ոչ մի բանի ակնկալիք ես բացարձակ չունեմ։ Այս մարդիկ երբևիցե չեն կարողանում ճիշտ մոտեցում ունենալ որևիցե հարցի, իսկ ինչ վերաբերում է այդ հայտարարությանը, բնականաբար հիմնվելով միջազգային փորձի, ընդհանրապես միջազգային հարաբերություններում նման իրավիճակներում դրսևորումների վրա, ասեմ, որ հատուկ ընթացակարգեր գոյություն ունեն՝ սկսած դեսպաններին հրավիրելուց, բողոքի նոտաներ հանձնելուց, պարզաբանումներ պահանջելուց»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը՝ անդրադառնալով Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը։
Նշենք, որ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Փաշինյանին և Զելենսկուն անվանել է «անուղեղ ռուսատյացներ»։ Հարությունյանի գնահատմամբ` նման հայտարարություններին այսկերպ արձագանքելը նորմալ քաղաքական պրոցես է, որը յուրաքանչյուր երկրում պետք է լինի։ «Սակայն, անկեղծ ասած, ես այդքան հույս և վստահություն չունեմ, որ այս իշխանությունները նման բան կանեն, իսկ թե հանկարծ որևիցե դեպքում մի բան անեն` դա բացառապես շոուի և նմանատիպ այլ բաների ներկայացում պետք է լինի։ Յուրաքանչյուր պետություն պետք է առաջնորդվի միջազգային այդ փորձով և պրակտիկայում եղած գործիքակազմով»,- մանրամասնեց նա։
