Երբեմն մարդիկ թերագնահատում են վիտամին K-ի դերը՝ ավելի մեծ ուշադրություն հատկացնելով այլ վիտամիններին, սակայն այս վիտամինը շատ կարևոր է մարդու առողջության համար, քանի որ առանցքային դեր ունի արյան մակարդման գործընթացում, ոսկրերի ամրության համար։ Վիտամին K-ն հայտնաբերվել է 1929 թվականին դանիացի գիտնական Հենրիկ Դամի կողմից, երբ վերջինս ստուգում եր խոլեսթերինի դերը ճտերի օրգանիզմում՝ կերակրելով նրանց միայն յուղազրկված սննդով։ Այդ սննդակարգի պատճառով ճտերը հաճախ սատկում էին ներքին արյունահոսությունից։ Այդ փորձերի արդյունքում պարզվում է, որ սննդի մեջ կա մի անհայտ նյութ, որը նպաստում է արյան մակարդմանը։ 1935 թվականին այդ նյութն առանձնացվում է սննդամթերքների բաղադրությունից և անվանվում վիտամին K։ Այդ անվանումը կապվում է Koagulation բառի հետ, որը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «մակարդում»։
1939 թվականին վիտամին K-ի կառուցվածքը վերծանվում ու առաջին անգամ սինթեզվում է արհեստական եղանակով ամերիկացի կենսաքիմիկոս Էդվարդ Դոյզիի կողմից։ Վիտամին K-ի հայտնաբերման և սինթեզման համար 1943 թվականին երկու գիտնականներն էլ արժանանում են Նոբելյան մրցանակի։ Հենրիկ Դամ, Էդվարդ Դոյզի Վիտամին K-ն միացությունների խումբ է, որոնցից ամենակարևորներն են վիտամին K1-ը և վիտամին K2-ը։ Վիտամին K1-ը (ֆիլոքինոնը) ճարպալույծ վիտամին է, որը պատասխանատու է արյան մակարդման և ոսկրային հյուսվածքների ամրության համար։ Պարունակվում է կանաչ տերևավոր բանջարեղենի և որոշակի բուսական յուղերի կազմում: Վիտամին K2-ը (մենաքինոնը) նույնպես ճարպալույծ միացությունների խումբ է, որը հիմնականում ստացվում է մսից, պանրից և ձվից, ինչպես նաև սինթեզվում է հաստ աղիքի մանրէների կողմից։
Վիտամին K-ի օգտակարությունը. Վիտամին K-ն կարևորագույն դեր ունի արյան մակարդման գործընթացում ու ոսկրերի ամրության հարցում։ Հետազոտողները կարծում են, որ այս վիտամինը այլ օգտակար ազդեցություններով էլ է օժտված, ներառյալ՝ մտավոր ունակությունների, սրտի առողջության պաշտպանությունը։ Նշվում է նաև, որ այս վիտամինը թեթևացնում է առավոտյան սրտխառնոցը։ Վիտամին K-ն մասնակցում է արյան մակարդման համար անհրաժեշտ 13 սպիտակուցներից 4-ի սինթեզմանը։ Վիտամին К-ն մասնակցում է օստեոկալցին սպիտակուցի ձևավորմանը, ամրացնում է ոսկորներն ու կանխում ոսկրային հյուսվածքների փխրունության առաջացումը։ Վիտամին K -ն օրգանիզմում նվազեցնում է բորբոքումն ու կանխում կալցիումի կուտակումները։ Մարդիկ, որոնք վիտամին K-ով հարուստ սննդակարգ են օգտագործում, ավելի հազվադեպ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից, զարկերակների խցանումից։
Վիտամին K-ի անբավարարությունը. Օրգանիզմում վիտամին K-ի ցածր մակարդակը կարող է մեծացնել չվերահսկվող արյունահոսությունների ռիսկը։ Այս խնդիրը թեև հանդիպում է նաև մեծահասակների մոտ, բայց շատ տարածված է նորածինների շրջանում։ Ահա թե ինչու նորածիններին սովորաբար վիտամին K-ի մեկանգամյա ներարկում է կատարվում։
