Սիրիայում արդեն 4 օր է, ինչ թեժ մարտեր են ընթանում Սիրիական բանակի և հակակառավարական ահաբեկիչների միջև։ Վերջին օրերին սիրիական բանակին ռազմական աջակցություն է ցուցաբերել Ռուսաստանը` ապահովելով ավիահարվածներ ահաբեկչական խմբավորման կենդանի ուժին, տեխնիկային և ենթակառուցվածքներին։ Պարսկաստանը և Իրաքը նույնպես ռազմական աջակցություն են ցուցաբերել Սիրիային` ապահովելով կենդանի ուժ։
Սիրիացի ապստամբները գրավել են Հալեպը և շարունակում են հարձակումը դեպի հարավ։ Այս մասին հաղորդում է BBC-ն: Ռուսական ավիացիան շարունակում է գրոհել այն տարածքները, որոնք չեն վերահսկվում Ասադի ռեժիմի կողմից։ Ընդդիմության ուժերը գտնվում են Սիրիայի մեծությամբ չորրորդ քաղաքի՝ Համմայի մոտակայքում գտնվող գյուղական վայրերում, հայտնում է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը:
SOHR-ի դիտորդները հայտնել են, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում Բաշար Ասադի կառավարությունը զգալի ուժեր է ուղարկել և պաշտպանական գիծ է ստեղծում Թայբաթ Ալ-Իմամ քաղաքում և Հաթաբ և Սուրան գյուղերում՝ Համա նահանգի հյուսիսում, ինչպես նաև Աս-Սուկայլաբիա և Մահրադա քաղաքներում, որտեղ հիմնականում քրիստոնյաներ են բնակվում, նահանգի հյուսիս-արևմուտքում:
Կառավարական զորքերը դուրս են եկել Հալեպից:
Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքը գրեթե ամբողջությամբ վերահսկում է սիրիական ընդդիմությունը, որի գլխավոր տարրերն են «Հայաթ Թահրիր աշ-Շամ» շարժումը և թուրքամետ կազմավորումները: Բացառություն են կազմում Հալեպի այն շրջանները, որոնք գտնվում են քրդական ուժերի վերահսկողության տակ։
Իդլիբն ու Համման գտնվում են Հալեպից հարավ։ Ընդդիմադիր ուժերը վերահսկողություն են պահպանում Իդլիբ քաղաքի հյուսիս-արևմտյան հատվածի և հարակից նահանգի մեծ մասի նկատմամբ:
Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչիին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, որից հետո Արաղչիին ուղևորվել է Թուրքիա։ Թուրքիայի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ խորհրդակցություններն անցել են շատ անկեղծ, անմիջական, բարեկամական և կառուցողական մթնոլորտում։
«Մենք համաձայն ենք, որ Սիրիան պետք է շարժվի դեպի խաղաղություն և պահպանի Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Արաղչին՝ նշելով, որ Սիրիայում հակակառավարական ուժերը համակարգվում են ԱՄՆ-ի և իսրայելական ռեժիմի կողմից:
«Սիրիայում ահաբեկչական խմբավորումները սերտ կապեր ունեն ու համակարգվում են ԱՄՆ-ի և իսրայելական ռեժիմի կողմից: Սիրիայի հյուսիսում ահաբեկչական խմբավորումների վերակտիվացումը մտահոգիչ է և լուրջ վտանգի տակ է դրել Սիրիայի անվտանգությունը, կայունությունն ու տարածքային ամբողջականությունը։
Նման վտանգավոր իրավիճակի հետևանքները կազդեն բոլոր երկրների, հատկապես Սիրիայի հարևանների վրա»,- ասել է Իրանի արտգործնախարարը։
