Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում այսօր վաղ առավոտից գործադուլ է սկսվել: Վարորդներից մի քանիսը «Ազատության» հետ զրույցում ասացին, որ գործադուլի պատճառը իրենց աշխատանքային պայմաններն ու աշխատավարձային քաղաքականությունն է, որ չի փոփոխվել:
Այսօր, գործադուլի արդյունքում, 18 վարորդ ազատվել է աշխատանքից ըստ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի։ Նշենք, որ ավտոբուսների վարորդներին աշխատանքից ազատել են «WhatsApp»–ով նամակ ուղարկելով։
«Նրանց աշխատանքից ազատման հիմքը հետևյալն է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։ Նշված հիմքով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու» – ասել է Կոստանյանը։
Մի շարք քաղաքական գործիչներ և վարորդներ հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանը խախտել է վարորդների Սահմանադրական իրավունքը քանի որ գործադուլ իրականացնելը քաղաքացու ՀՀ սահմանադրական իրավունքն է, մեջբերելով ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածը, համաձայն որի՝
«Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով»
Սակայն, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան գործադուլի հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազությանը, ասելով հետևյալը․
«Թող քննություն տարվի և պարզվի՝ մենք գործ ունենք պարզապես աշխատանքային գործառույթների չկատարման հետ, ինչը որոշակի ծանր հետևանքներ է առաջացնում»
Երեկոյան վարորդներից մեկը հայտնել է, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն աշխատանքից արդեն ազատել է գործադուլին մասնակցած 35 վարորդների։
Գործադուլը վաղը կշարունակվի։
