KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի. Բադալյան

November 18, 2024
Share on FacebookShare on Twitter

Մի քանի հանգամանք կարող է լինել այս որոշման մոտիվացիոն հիմքում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով ուժային և իրավապահ մարմինների ղեկավարների պաշտոնանկություններին:

Նախևառաջ, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։ Հիմա,  հաշվի առնելով այն, որ իշխանության վարկանիշը  գրեթե բոլոր սոցիոլոգիական հարցումներով ակնհայտորեն մոտենում է կրիտիկական նվազագույնին, այս իշխանությանը թարմ արյուն ներարկելու հանգամանքը դառնում է շատ ավելի կենսական։ Սա մի շերտն է»,- ասաց Բադալյանը:

Մյուսը, նրա խոսքով այն է, որ գործողությունը պետք է դիտարկել որպես PR կամ քարոզչական ակցիա: «Այս դեպքում, սակայն, ցուցադրականությունը բավականին մեծ էր, ինչը նշանակում է, որ միայն PR-ի խնդիր չէր, քանի որ այդ պաշտոնանկությունները տեղի ունեցան փնջով: Սա նշանակում է, որ քաղաքական մոտիվներն ավելի բազմաշերտ են, և ես չեմ բացառում, որ ընդհուպ պայմանավորված լինեն արտաքին միջավայրում ինչ-որ փոփոխություններով»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ դա էլ Նիկոլ Փաշինյանին բերում է արդեն իշխանության ներսում ավելի դինամիկ և ավելի խորքային փոփոխություններ կատարելու անհրաժեշտության:

«Հատկանշական է, որ կադրային փոփոխությունների վերաբերյալ այդ փաթեթային որոշումը կայացվում է արտաքին զարգացման երկու էական դրսևորումների ֆոնին, դրանց միջակայքում մեկը Թրամփի հետ հեռախոսազրույցն էր, իսկ հաջորդը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Վատիկան աշխատանքային այցը: Չնայած նրան, որ բոլորովին հեռու եմ նաև ուղիղ կապակցվածություն տեսնելուց, բայց վերջին տարիներին՝ պայմանավորված պատերազմի պարտությամբ ու Արցախի կորստով, արտաքին միջավայրի ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում շատ բարձր է»,- ասաց Բադալյանը:

Հարցին՝ կա՞ն ավելի կոմպետենտ կադրեր, որ կարողանան փոխարինել հրաժարական տված ղեկավարիներին, որպեսի Ձեր ասած այդ թարմ արյունը ներարկվի իշխանությանը, նա պատասխանեց. «Նախ ճշտում անեմ՝ երբ ասում եմ թարմ արյան ներարկում իշխանության մեջ, դա ամենևին չի նշանակում ավելի կոմպետենտ կադրեր: Եթե դիտարկում ենք զուտ քարոզչական տպավորության համատեքստում, ապա ինչ-որ անուններն էլ կարող են էֆեկտ ունենալ»:

Ըստ նրա՝ Փաշինյանը հիմա աշխատում է ավելի շատ իր ընտրազանգվածը պահելու, այլ ոչ թե այն ընդլայնելու համար: «Այսինքն, հիմա նա աշխատում է իր ընտրազանգվածը պահելու ուղղությամբ, թույլ  չտալու, որպեսզի նվազի այդ ընտրազանգվածը և հասնի կրիտիկական աստիճանի։ Եվ այստեղ կարող են որոշումները կայացվել զուտ անունների տրամաբանությամբ, այսպես ասեմ՝ դրա էֆեկտով, որովհետև կադրային բազան, իհարկե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շատ սուղ է: Եվ մենք տեսնում ենք, որ այդ առումով իսկապես կոմպետենտ կադրերի, մեղմ ասած, խնդիր կա»,- ասաց նա։

Բադալյանը նշեց, որ այս փոփոխություններն իրեն հուշում են, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը ոչ թե կառավարման արդյունավետության բարձրացնելն է, այլ՝  քաղաքական կառավարելիության կամ իրավիճակի քաղաքական վերահսկելիության բարձրացումը։

«Թերևս նա առանձնապես խնդիր էլ գուցե չի դրել փնտրել կոմպետենտ կադրեր և թերևս կփնտրի քաղաքականապես ավելի վստահելի կադրեր»,- նշեց նա:

Հարցին էլ՝ նա հիշո՞ւմ է որևէ դեպք, երբ պաշտոնից ազատված գերատեսչությունների ղեկավարները ինչ-որ բանում հակառակված լինեին վարչապետին, որով էլ վստահություն կկորցնեին, նա նշեց. «Խնդիրն այն չէ, որ այդ կադրերը նրան հակառակվել են, ինչ-որ խնդիրների առաջ են կանգնեցրել: Նախ մենք չգիտենք, չենք կարող իմանալ ամբողջ ներիշխանական խոհանոցի պատկերը, որովհետև այն միշտ չէ, որ ամբողջությամբ արտահայտվում է հրապարակավ»:

Այդուհանդրեձ Բադալյանը նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել նրան, որ փոփոխությունները տեղի են ունենում տևական ժամանակ ներիշխանական խմորումների ֆոնին:

«Այսինքն, ակնհայտ էր, որ իշխանության ներսում տեղի է ունենում հարաբերություններ պարզելու մի քիչ բազմաշերտ գործընթաց։ Նաև մենք պետք է նկատի ունենանք, որ 18 թվականից հետո Հայաստանի իշխանությունը ձևավորվել է ոչ մոնոլիտ տրամաբանությամբ: Իշխանության ձևավորմանը մասնակցել են ամենատարբեր խմբեր, ուստի դա Փաշինյանի կադրային բազան չէ: Հիմա գուցե Փաշինյանի խնդիրն այն է,  որ առնվազն դատաիրավական բլոկում ձևավորի իր համար ավելի կուռ համակարգ ու թիմ:Հիմա կտեսնենք՝ արդյոք նշանակվելու են կադրեր, որոնք կհամարվեն հենց Փաշինյանինը»,- նշեց նա:

Հարցին էլ՝ հնարավոր համարո՞ւմ է, որ կլինեն տեղափոխություններ, օրինակ, պաշտոնից ազատվածները կնշանակվե՞ն այլ պաշտոնների, նա արձագանքեց. «Չի բացառվում, որովհետև մենք տեսնում ենք, որ Փաշինյանը խնդրանքի ձևով ձևակերպեց իր պաշտոնանկությունների որոշումը: Ինչ-որ իմաստով պահեց պաշտոնյաների դեմքը, որոնք հեռացվեցին աշխատանքից: Խնդրանքի պարագան թույլ է տալիս ասել, որ նրանք ավելի մեծ հավանականությամբ գնում են բանկային ռեզերվ, քան հեռանում են»:

© tert.am

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր